Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից առաջին ծրագիրը հաստատված է

«Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից առաջին ծրագիրը հաստատված է

Սույն թվականի փետրվարին «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից հաստատվեց առաջին  ներդրումային ծրագիրը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է կազմակերպության Վայոց Ձորի տավարաբուծական ֆերմայում անասնակերի մատակարարման գործընթացի արդյունավետության ապահովմանը։ Արցախյան պատերազմից հետո ԱՀ տարածքից արտադրանքի ձեռքբերումը դարձավ անհնարին, իսկ տեղական շուկայի առաջարկն իր որակական հատկանիշներով չի համապատասխանում ընկերության պահանջներին, ուստի «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր գյուղատնտեսական նախագծերի շարունակականությունն ապահովելու նպատակով ներգրավվեց այս նախագծում։

Ծրագիրն ուղղված է Արմավիրի մարզում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից  բարձրորակ անասնակեր աճեցնելու նպատակով 225 հա հողատարածքի և համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը: Նշված ծրագրի արդյունքները շղթայական ազդեցություն կունենան և կնպաստեն «Երեմյան Փրոջեքթս»-ի մի շարք բիզնես նախագծերի շարունակականության, կայուն գործառնման և զարգացման, մատակարարման գործընթացի կայունության ապահովմանը, ինչպես նաև վերջնական սպառողի համար շուկայական գների  աճի զսպմանը։

«Հանդիսանալով Հայաստանում ամենադինամիկ և արագ զարգացող ընկերություններից մեկը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը տարիների հարուստ փորձ ունի հյուրընկալության և հարակից ոլորտներում։ «Երեմյան Փրոջեքթս»–ի յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն միտված է հանդես գալու նորարարությամբ ու նոր ասելիքով: Վստահ եմ, որ համատեղ իրականացվելիք ներդրումային ծրագիրը կապահովի ընկերության կողմից արդեն իսկ գրանցած հաջողությունների շարունակությունը՝ բերելով պետության համար զգալի օգուտներ»,- նշեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ֊ի տնօրեն  Բելլա Մանուկյանը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, խոսելով ծրագրի մասին, մասնավորապես նշել է՝

«Այս նախագիծը թույլ է տալիս ամբողջացնել մեր «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգը, որով առաջնորդվում է ընկերությունը: Սերմից ստանում ենք անասնակերը, որը համապատասխան վերամշակում անցնելով կերախոհանոցում՝ մատակարարվում է ֆերմաներում պահվող կենդանիներին։ Մսամթերքն ու կաթնամթերքը ֆերմաներից տեղափոխվում են «Արցախ» խոհանոց-գործարան՝ անցնելով անհրաժեշտ մշակումները, մատակարարվում ռեստորաններ, հանձնվում մեր հմուտ ու տաղանդավոր խոհարարներին։ Այս ծրագրի շնորհիվ մենք արդեն կկարողանանք մեր հողատարածքը համապատասխան սարքավորումներով և մեթոդներով մշակել, իրականացնել սերմի պատշաճ ընտրությունը, ապահովել ցանքը, մշակումը և ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով իրականացնել քաղը։ Արդյունքում մեր ֆերմաների կենդանիները կստանան բարձրարժեք, սննդարար, առողջ և էկոլոգիապես մաքուր սնունդ։ Իսկ մենք կկարողանանք վերահսկել մեր ռեստորանների ուտեստների և Yeremyan Products -ի կաթնա և մսամթերքի որակը»։

Նախագծի իրականացման համար ներդրման ընդհանուր արժեքը մոտ 1.1 մլրդ ՀՀ դրամ է։ Ֆոնդի կողմից ներդրումն իրականացվելու է 1+1+2 տրամաբանությամբ․ հավասարաչափ ներդրումներ կլինեն բիզնես գործընկերոջ և Ֆոնդի կողմից և կներգրավվի առևտրային բանկից երկու կողմերի ներդրման չափով վարկային ռեսուրս։ Ծրագիրը ֆինանսավորող բանկ է հանդիսանում Ակբա բանկը։ Ներդրման արդյունքում ակնկալվում է ավելի քան  420 մլն ՀՀ դրամ մուտք պետբյուջե՝ հարկերի տեսքով։

Այս ներդրումային ծրագրի արդյունքում հնարավոր դարձած՝ արտերկրից ներգրավված լավագույն տեխնիկան ու մասնագետները նոր մոտեցում և մշակույթ կներդնեն անասնակերի աճեցման բիզնեսում՝ ոլորտում ստեղծելով նոր գործելաոճ և սահմանելով բարձր նշաձող։ Իսկ ծրագրի անուղղակի էֆեկտները կներառեն բերքի կանխատեսելի քանակի ապահովումը, ապրանքի գների կայունությունը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ներմուծման փոխարինելիությունը, պետության համար հարկային մուտքերի ավելացումը։

***

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի (այսուհետ՝ «Ֆոնդ») ստեղծման նպատակը ներդրումային միջավայրում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը մեղմելն էր։

Պետության կողմից առաջարկվող համաֆինանսավորման ծրագրի առաջնային և գերակա  նպատակը մասնավոր ներդրումների աճը խթանելն է: Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը Ֆոնդում՝ մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

Մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 0.5 մլն ԱՄՆ-ի դոլարին և առավելագույնը 4 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։

 

 

«Երեմյան Փրոջեքթս»-ը  Հայաստանի ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար ընկերություններից է, որը հիմնադրվել է  ռեստորատոր  Դավիթ Երեմյանի կողմից: Ընկերության ամբողջ փիլիսոփայությունն ամփոփված է «Աշխատանքը սկսում է երազանքից» կարգախոսում, քանի որ ընկերության  ցանկացած նախագծի գաղափար ծնվում է արժեքավորը պահպանելու, նոր ու մնայուն արժեքներ ստեղծելու,  Հայաստանն ու Երևան քաղաքը  գունեղ ու բազմազան  ներկայացնելու երազանքից:

«Երեմյան Փրոջեքթս»-ը միավորում է երևանցիների և քաղաքի հյուրերի կողմից ամենասիրված և ճանաչված հայկական ռեստորանային բրենդերը՝ «Բըրգըրի», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Պանդոկ Երևան», և «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը:

Ընկերությունը 2020 թվականից մեկնարկել և իրագործում է բիզնես-զարգացման նոր ռազմավարություն՝  հիմնված «Սերմից սեղան» հայեցակարգի վրա` ապահովելով ամբողջական փակ ցիկլ։ Այս հայեցակարգի շրջանակում էլ ընկերությունը հիմնեց Վայոց Ձորում՝ տոհմային տավարաբուծական,  Տավուշի մարզում՝ խոզաբուծական ֆերմաները, Արարատի մարզում՝ կերաղացը, Երևանի «Արցախ» գործարանը, որտեղ պատրաստվում և վերամշակվում է կազմակերպության ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրանքը՝ «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշի ներքո:

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...