Ֆլայ Արնա

25/10/2021

Ոլորտը։ Ավիացիա

Գործընկեր։ Էյր Արաբիա

Նկարագրություն։  2021 թվականի հուլիսի 14-ին ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության միջև ստորագրվել է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։  Համաձայնագրով ստեղծվել է անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան հանդիսանում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից ավիաընկերության անունն ընտրվել է “Fly Arna” («Ֆլայ Արնա»)։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:

Համատեղ ծրագրի մասին. Ավիաընկերության առաջին թռիչքն իրականացվել է 2022 թվականի հուլիսի 3-ին Եգիպտոսի Հուրգադա, իսկ հուլիսի 4-ին` Շարմ Էլ Շեյխ քաղաքներ:  «Ֆլայ Արնա»-ի նախատեսվող թռիչքների ուղղություններն են`   Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իրան, Լևանտ, ներառյալ՝ Թել Ավիվն ու Բեյրութը, եվրոպական շուկա, ներառյալ՝ Վիեննան, Մյունխենը և Պրահան:

Բաժնետիրական կառուցվածքը.  «Ֆլայ Արնա»-ի բաժնետոմսերի 49-ական տոկոս պատականում է ԱՆԻՖ-ին և ԻԲՔ-ին (Ինթերնեշնլ Բիզնես Քամփանի), իսկ մնացյալ 2 տոկոսը` ԻԲՔ-ի առաջադրած հայ գործընկերոջը: Երկկողմ համաձայնությամբ ընկերության կառավարումը հանձնված է «Էյր Արաբիա»-ին: Բաժնետերերն օգտագործում են իրենց ձայները՝ Խորհրդի անդամներին նշանակելու և հեռացնելու համար: Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից երկուսին նշանակում է ԱՆԻՖ-ը, երկուսին` ԻԲՔ-ն, իսկ մեկն անկախ է:

Առավելություններ. Ազգային ավիափոխադրող ստեղծելու համար Հայաստանն ունի մրցակցային մի շարք  առավելություններ: Մասնավորապես, Հայաստանի՝ ԱՊՀ տարածաշրջանում բարենպաստ աշխարհագրական դիրքը, ինչը հնարավարություն է տալիս Երևանը դարձնել ավիացիոն հանգույց, թույլ մրցակցային միջավայր երկրում գործող ավիաընկերությունների միջև, հայկական մեծ սփյուռքը, արևմուտք-արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ- հյուսիս ուղևորահոսքերը, որոնք կապում են Եվրոպան և Ռուսաստանը, ԱՊՀ և Պարսից ծոցի երկրները և այլն:

«Էյր Արաբիա»-ն Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է: Այն ցուցակված է Դուբայի ֆինանսական շուկայում: Ընկերությունը գործունեությունը սկսել է 2003 թվականի հոկտեմբերին և ներկայում շահագործում է 58 նոր «A320» և «A321» ինքնաթիռներ՝ սպասարկելով ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Եգիպտոսի հինգ հանգույցներից մոտ 170 երթուղի:

Ներդրման չափը՝ 10 մլն ԱՄՆ դոլար: