Այգ-1

26/10/2021

Ոլորտը։ Էներգետիկա

Գործընկեր։ Մասդար

Նկարագրություն։  2019 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը ստորագրեց «Մասդար Արմենիա ներդրումային նախագիծ» հուշագիր: Մասդարն ի սկզբանե առաջարկել էր ծրագրի համար 0,0299 ԱՄՆ դոլար/կՎտժ սակագնային գին: Մրցակցային և թափանցիկ գործընթաց ապահովելու համար կառավարությունը նախաձեռնել է միջազգային մրցույթ 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին առաջարկել իրենց սակագները։ Մրցույթը կհաղթեր ամենացածր սակագին առաջարկող ընկերությունը։

Մրցույթի մասին. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է միջազգային մրցույթ՝ ընկերություններին հրավիրելով մասնակցել իրենց հայտերով։ Մրցութային գործընթացի սկզբնական փուլին մասնակցել է 3 ընկերություն՝ Մասդար, Գազպրոմ և Հիդրո Չայնա կորպորացիան։ 2021 թվականի հուլիսին Մասդարը ընտրվել է որպես 200 ՄՎտ կոմունալ մասշտաբի արևային ծրագրի մրցույթի հաղթող՝ 0,0290 ԱՄՆ դոլար/կՎտժ վերջնական գնով: Մասդարի մասին. Մասդարը (կամ Abu Dhabi Future Energy Company) զբաղվում է վերականգնվող էներգիայի, կայուն քաղաքային զարգացման և մաքուր տեխնոլոգիաների առևտրայնացմամբ և տեղակայմամբ՝ գլոբալ կայունության մարտահրավերները լուծելու համար: Մասդարը ներկա է ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Իսպանիայում, Սերբիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում:

Համատեղ ծրագրի մասին. Ծրագրով նախատեսված է Հայաստանում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագիրը կմշակվի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության և շահագործման (DFBOO) հիմունքներով: Ծրագիրն իրականացնում է Մասդարի և ԱՆԻՖ-ի կողմից ստեղծված  համատեղ՝ Մասդար Արմենիա 1 ընկերությունը:

Բաժնետիրական կառուցվածքը. ԱՆԻՖ-ը տնօրինում է բաժնետոմսերի 15 տոկոսը, իսկ Մասդարը՝ 85 տոկոսը: Համատեղ ընկերությունը ծրագրի ֆինանսավորման համար կարող է դիմել միջազգային կամ տեղական բանկերին :

Ծրագրի գնահատված չափը՝ 174 մլն ԱՄՆ դոլար

Ծրագրի վայրը. Արևային կայանը կտեղակայվի Թալին և Դաշտադեմ համայնքներում մոտ 500 հեկտար տարածքի վրա: Տարածքը բարձր է արևային ճառագայթման համար, և հողը գյուղատնտեսական նպատակներով անօգտագործելի է:

Ծրագրի կառուցման և շահագործման սկիզբ. Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին, իսկ 2023-2024 թթ. ընկերությունը ակտիվ կներգրավվի ենթակայանի շինարարական աշխատանքներում: Ներկայումս ընթանում են կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները, այդ թվում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) աշխատանքները: Շուտով կավարտվեն ՇՄԱԳ  աշխատանքները, որից հետո կհայտարարվի շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ։

Առավելություններ. Ծրագրի նպատակն է խթանել մաքուր էներգիայի ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում: Ծրագիրը կնպաստի արդյունաբերության զարգացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր և ներդրողների ուշադրությունը կգրավի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի վրա:

Մասշտաբայնության հնարավորությունները: 200 ՄՎտ հզորությամբ մեկ այլ ծրագրի հետագա քննարկումները շարունակվում են:

ԲՍԿ

Շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար կհատկացվի Հայաստանի Թալին և Դաշտադեմ համայնքներին՝ սոցիալական ծրագրերի զարգացման համար։ ԱՆԻՖ-ը պարտավորվում է ապահովել իր ծրագրերի կայուն, դրական սոցիալական ազդեցությունը: Սոցիալական ներդրումային ծրագրերը նախագծվելու են հարակից համայնքների համար լրացուցիչ սոցիալական և տնտեսական արժեք ստեղծելու համար:

Մասդար ընկերության կողմից Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն իրականացվել է 320 000 000 դրամի չափով Համայնքի զարգացման վճարում։ Գումարն ամբողջությամբ ուղղվելու է կնքված պայմանագրով սահմանված՝ համայնքներում տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն:

Շինարարական աշխատանքները կիրականացվեն համայնքների անվտանգության և բարեկեցության համար առավելագույն պատասխանատվությամբ և հնարավորության դեպքում՝ տեղական աշխատուժի ներգրավմամբ: