Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի նոր ներդրումն արդյունաբերության ոլորտում

ԱՆԻՖ-ի նոր ներդրումն արդյունաբերության ոլորտում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ (Universal Closures CJSC) ընկերության հետ համատեղ ներդրումներ  կիրականացնեն շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման նպատակով։ Ոլորտում տարիների փորձ ունեցող  Յունիվերսալ Քլոզերս ընկերությունն արտադրում է կափարիչներ և մատակարարում  տեղական ու տարածաշրջանային այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Կոկա Կոլան, Բջնին, Բայկալը, Տասսայը (Ղազախստան)  եւ այլն։

Նախատեսվող ներդրումների շնորհիվ  ընկերությունը ձեռք կբերի լրացուցիչ նոր հաստոցներ և սարքավորումներ, որոնց շնորհիվ TALOG / MASC տեսակի կափարիչների  արտադրության և վաճառքի ընթացիկ ծավալները կաճեն մոտ 80%-ով:

Ծրագրի շրջանակներում ընկերությունը ձեռք կբերի նաև Crown Cap տեսակի կափարիչների արտադրության նոր հոսքագիծ: Այս տեսակի կափարիչները արտադրվում են սննդի բնագավառում օգտագործվող հատուկ պողպատի գլանվածքից և օգտագործվում են հիմնականում գարեջրի, ինչպես նաև ջրերի և ալկոհոլային խմիչքների համար: Ներկրվող բոլոր սարքավորումները և հոսքագծերը բացառապես արևմտաեվրոպական արտադրության են, իսկ արտադրությունում օգտագործվող հումքը ձեռք կբերվի միայն Եվրոպական առաջատար արտադրողներից:

Ծրագրով նախատեսված արտադրատեսակներն ունեն մեծ և կայուն պահանջարկ տեղական և միջազգային շուկաներում: Այս տեսակետից ծրագիրն ունի արտահանման խիստ որոշակի կողմնորոշում։ Նախատեսվում է արտահանել արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը:

Գործարանի արտադրության ընդլայնման համար «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը կներդնի 3,9 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Ընկերության սարքավորումների առկա ընդհանուր արտադրական հզորությունը կազմում է տարեկան մինչև 180 մլն հատ կափարիչ:

Յունիվերսալ Քլոզերս ընկերությունը TALOG / MASC տեսակի կափակիչների միակ արտադրողն է Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է ԵԱՏՄ և ԱՊՀ շուկաների հիմնական  մատակարարներից մեկը: Ընկերության արտադրանքը վաճառվում է Վրաստանում, Միջին Ասիայում,  Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:

«Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նշել է. «Ֆոնդը ներդրումներ է իրականացնում ամենատարբեր ոլորտներում մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ մրցունակ բիզնես ծրագրեր ստեղծելու նպատակով։ Այս ծրագիրը մեծ ձեռքբերում է հայկական արտադրանքը միջազգային շուկային տեսանելի դարձնելու ուղղությամբ։ Մշտապես կարևորելով տեղական արտադրության աճի և արտահանման խթանումը` մեր այս ներդրումային ծրագիրը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը»:

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...