Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի նոր ներդրումը գյուղատնտեսության ոլորտում

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի նոր ներդրումը գյուղատնտեսության ոլորտում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Էկո Ֆրեշ Մաշրումս» ՍՊԸ-ի հետ համատեղ նոր ծրագրում։

«Էկո Ֆրեշ Մաշրումս» ընկերությունը շամպինիոն տեսակի սնկերի արտադրությամբ զբաղվող Հայաստանի առաջատար ընկերություններից է: Արտադրանքն իրացվում է Հայաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախկինում սնկի աճեցման համար նախատեսված կոմպոստը հիմնականում ներմուծվում էր Նիդերլանդներից, ինչը զգալիորեն թանկացնում էր արտադրանքի ինքնարժեքը և նվազեցնում արդյունավետությունը։ Համատեղ ծրագրով ընկերությունը նախատեսում է հիմնել սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի գործարան Հայաստանում` սկզբնական շրջանում շաբաթական 50-60 տոննա արտադրողականությամբ:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 894 մլն դրամ, որից մոտ 287 մլն դրամը «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի ներդրումն է:

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նշել է. «Ֆոնդը, կարևորելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի շարունակական զարգացումը`  երկրորդ ներդրումային ծրագիրն է իրականացնում ոլորտում՝ նոր տեխնոլոգիաների  արդյունավետ կիրառման ուղղությամբ: Դինամիկ փոփոխվող միջազգային շուկաներում Հայաստանն ունի ներկայությունը մեծացնելու հնարավորություն, և այս ծրագիրը մեր արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ ևս մեկ քայլ է»։

«Էկո Ֆրեշ Մաշրումս» ընկերության սեփականատեր Տիրան Հակոբյանի խոսքով. «Պետության աջակցությունը բիզնեսում ներդրում անելու և նոր տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելու պատրաստակամությունն առավել քան գնահատելի է։ ԱՆԻՖ-ի հետ համատեղ ծրագրով կլուծենք մի քանի կարևոր խնդիր. կներմուծենք այս ոլորտում հոլանդական նոր տեխնոլոգիաներ՝ կառուցելով նոր գործարան, ինչը թույլ կտա ստանալ մրցունակ արտադրանք տեղական և արտահանվող շուկաներում իրացնելու համար։ Ծրագրի հաջողվելու դեպքում հետագայում կավելացնենք արտադրության ծավալները նոր շուկաներ գրավելու համար` ստեղծելով նոր աշխատատեղեր և ծավալի էֆեկտով էլ ավելի կնվազեցնենք արտադրանքի ինքնարժեքը»:

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...