Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ի 2021թ. գործունեության արդյունքները

ԱՆԻՖ-ի 2021թ. գործունեության արդյունքները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) տարին ամփոփում է մի քանի կարևոր ծրագրերի  մեկնարկով։  Ընդ որում, ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր  ներդրումային ծրագիր իրականացվելու է ԱՆԻՖ-ի հետ համատեղ, իսկ մնացածը` ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի աջակցությամբ: Եվս մի քանի ծրագիր  կմեկնարկի գալիք տարում։

Անցնող տարին՝ համառոտ։ 

«Այգ-1» ծրագիր

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության  և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Մասդար ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր՝  200 մեգավատ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար:

«Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Մասդար ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։

«Ֆլայ Արնա»

Հուլիսի 14-ին ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության միջև ստորագրվել է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ստեղծվել է անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան հանդիսանում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Հանրային մրցույթի արդյունքում ընկերությունն անվանվել է Ֆլայ Արնա (Fly Arna – Armenian National Airlines)։ Չվերթները նախատեսվում է սկսել 2022թ. գարնանը։

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերը.

«Սերմից՝ ֆերմա»

Ներդրումային ծրագիրն իրականացվում է Երեմյան Փրոջեքթս ընկերությունների խմբի հետ և ուղղված է Արմավիրի մարզում բարձրորակ անասնակերի աճեցմանը՝ մոտ 225 հա հողատարածքի վրա: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից Ֆոնդի ներդրումը կազմում է 0,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ժամանակակից վիրաբուժության կլինիկա

Ծրագրի շրջանակում ներդրումներ են իրականացվել Երևանում գործող Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի՝ նոր շենքի կառուցման և ծառայությունների ընդլայնման համար: Ծրագիրը կնպաստի աճող պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացմանը։

Նախագծի ընդհանուր արժեքը  1.23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, որից Ֆոնդի ներդրման չափը կազմում է 0.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 Հարդ ռոք կաֆե Երևան

Ծրագիրը նախատեսում է Հարդ ռոք կաֆե սրճարանի բացում Երևանում` Պուշկին  3/1 հասցեում: «Ֆուդ Ռեփաբլիք»-ի և Hard Rock International ընկերության  միջև ստորագրվել է  Ֆրանչայզինգի պայմանագիր։ Ծրագրի իրականացումը նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացմանը՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի և սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Հարդ ռոք կաֆեի բացումը Երևանում նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակում։ Նախագծի ընդհանուր չափը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից ֆոնդի ներդրման չափը` 0.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:

ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ

ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը ներդրում է իրականացրել ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում, որն իր հերթին ֆինանսավորում է փոքր և միջին բիզնես ծրագրեր Հայաստանում։

ԱՆԻՖ-ի մասնակցությունը հնարավոր կդարձնի նաև նիդերլանդական FMO-ի ներգրավվածությունը մոտ 7 մլն ԱՄՆ դոլար ներդրման տեսքով, ինչը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավմանը։ Ներդրվող գումարը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։

Այլ ձեռքբերումներ

Ինտեսա Սանպաոլո բանկերի խմբի հետ համագործակցության մեկնարկ

ԱՆԻՖ-ը և իտալական Ինտեսա Սանպաոլոն (Intesa Sanpaolo) բանկերի խումբը  ստորագրել են համագործակցության հուշագիր, որով  կողմերը կհամագործակցեն իտալական և հայաստանյան բիզնես համայնքի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակում։

Իտալական ամենամեծ բանկերի խմբի և ԱՆԻՖ-ի միջև համաձայնագիրը երկու երկրների համար նոր տնտեսական հնարավորություններ կբացի։

Բարձր որակավորման սեմինարներ` արտահանողների համար

ԱՆԻՖ-ը «Արտահանման հիմունքները» ծրագրի շրջանակում կազմակերպել և  անցկացրել է բարձր որակավորման սեմինարների շարք, որի նպատակն է խթանել արտահանումը և նպաստել արտահանողների՝ միջազգային շուկա դուրս գալու գործընթացին:

Միջազգային «Սենտեո» ընկերության մասնագետները ներկայացրել են   նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ գործնական հմտությունները։  Սեմինարներին  ընդհանուր առմամբ մասնակցել են  30 առաջատար հայկական ձեռնակությունների հիմնադիրներ, բարձր և միջին օղակի ղեկավարներ:

Մասնակցելով պոտենցիալ հաջող և ռազմավարական բիզնես ծրագրերին՝ ԱՆԻՖ-ն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացիային, պետական միջոցները տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելով՝  ստեղծում հավելյալ արժեք, ինչպես նաև նպաստում է ներքին, արտաքին ներդրողների և Հայաստանի պետության՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության ամրապնդմանը:

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...