Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԹՅԱՆ ԵՎ ՄԱՍԴԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԹՅԱՆ ԵՎ ՄԱՍԴԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

26/11/2021

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ է հայտնել, որ Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության  և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Մասդար ընկերության միջև ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝  200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակներում։

ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։ Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի կապակցությամբ ներդրողի կողմից պայմանագրի շրջանակներում ներկայացվել են երաշխիքներ: Համաձայնագրով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը:

Մասդար ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել ս.թ. հուլիսին,   ներկայացրել է 0,0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար, և ծրագրի շրջանակներում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։

Այսօր տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ Ալ Սալամին, ՀՀ-ում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային Բանկի գրասենյակների ներկայացուցիչներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր խոսքում ասաց. «Վերականգնվող էներգիայի ծավալի աստիճանական ավելացումը մեր էներգետիկ համակարգում ՀՀ կառավարության կարևոր թիրախներից մեկն է։ Մասդարի հետ այս համագործակցությունը ոչ միայն այդ, այլև Հայաստանի ներդրումային պոտենցիալի ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է։ Այդ տեսանկյունից նշանակալի է Մասդար ընկերության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանի կառուցումը: Ակնկալում ենք, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատև աշխատանքի սկիզբ կդրվի  և նոր ծրագրեր կիրականացվեն»։

Հայաստանում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ալ Սալամիի խոսքով.  «Այս համաձայնագիրն է’լ ավելի կամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը։ ԱՄԷ- ն և Հայաստանը համատեղ հանձնառություն են ստանձնում կլիմայի փոփոխության դեմ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, միաժամանակ ստեղծելով նոր տնտեսկան հնարավորություններ։ Այս ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի՝ մաքուր էներգիայի անցման ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ ծրագիրը կդառնա հաջողված օրինակ, որը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև»։

 

Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին ասաց. «Այս համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման  ճանապարհին, և այս նախագծի զարգացումը կաջակցի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ, և մենք անհամբեր սպասում ենք ԱՆԻՖ-ի հետ այս ոլորտում հետագա հնարավորությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք ներդնել այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել որպես վերականգնվող էներգիայի նախագծերի համաշխարհային առաջատար՝ աջակցելով Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»:

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «Մասդարը Հայաստանի էներգահամակարգի աստիճանական դեկարբոնիզացիայի ճանապարհին կարևոր գործընկեր է: «Այգ-1»-ը հավակնոտ քայլ է այս նպատակի իրագործման ուղղությամբ, և Մասդարի փորձն ու կարողությունները ոլորտում՝ ծրագրի հաջողության գրավականն են: «Այգ-1»-ը դառնալու է առավել տեսանելի ներդրումային ծրագրերից մեկը, որից շահելու են պետությունը, քաղաքացիները և ներդրողը՝  միաժամանակ ներդնելով ոլորտում կայունության ամենաբարձր չափանիշները»:

Հիշեցնենք, որ «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Մասդար ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։

ԱՆԻՖ-ի մասին

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ Կառույցը տրամադրում է նոր և արդեն իսկ գործող ծրագրերի ֆինանսավորում՝ նպատակ ունենալով նպաստելու տնտեսական ակտիվության ու արտահանման ցուցանիշների խթանմանը։

Մասդար ընկերության մասին 

Մասդարը վերականգնվող էներգիայի համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն է։ Այն Mubadala Investment Company-ի՝ Աբու Դաբիի կառավարության ռազմավարական ներդրումային ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Մասդարը ներկայացված է ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Սերբիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ուզբեկստանում և շատ այլ երկրներում: