Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը բիզնես հանրությանը ներկայացրել է ֆինանսավորման հնարավորություններ

ԱՆԻՖ-ը բիզնես հանրությանը ներկայացրել է ֆինանսավորման հնարավորություններ

Հուլիսի 31-ին «Մանթաշով» բիզնես ակումբի հրավերով ԱՆԻՖ-ի ներկայացուցիչները ակումբի անդամ ավելի քան 70 ընկերություններին ներկայացրեցին ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ներքո գործող հակաճգնաժամային ֆոնդի համաֆինանսավորման պայմանները։

ՔՈՎԻԴ 19-ի երկարաժամկետ տնտեսական հետևանքների մեղմացման ծրագրի շրջանակներում 2020թ.֊ին ստեղծվեց հակաճգնաժամային ներդրումային ֆոնդ` համապատասխան գործիքակազմով, որի միջոցով ՀՀ տարածքում գործունեություն ծավալող ձեռնարկատերերը կարող են դիմել ինչպես գործող բիզնես ծրագրերի ընդլայնման, այնպես էլ նոր ներդրումային նախագծերի իրականացման համար համաֆինանսավորում ստանալու համար։

Ձեռնարկատերերը կարող են դիմել ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդի համաֆինանսավորման ծրագրին (info@anif.am), եթե նրանց ներկայացրած բիզնես ծրագրերը համապատասխանում են Ֆոնդի պայմաններին։ Կարևոր նախապայմաններից են՝
• Ձեռնարկատերն իր կողմից առաջարկվող ծրագրում պետք է ունենա առնվազն 51%-ի մասնաբաժին
• Ձեռնարկատիրոջ կողմից պետք է լինի ընկերությունում իր բաժնեմասնակցությանը համարժեք ներդրում։

Մինչ օրս ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ներդրումային ֆոնդն արդեն սկսել է մի քանի համատեղ ծրագրի իրականացումը գյուղատնտեսության, արդյունաբերության և առողջապահության ոլորտներում։ Ծրագրերի մասին առավել մանրամասն շուտով կներկայացվի հանրությանը։

Համաֆինանսավորման ծրագրի հիմքում պետության աջակցությունն է մասնավորին՝ տնտեսության ակտիվացման, աշխատատեղերի ավելացման և տնտեսության մրցունակ ճյուղերի լրացուցիչ խթանման նպատակով։ Նման նախաձեռնության հիմքում ընկած է միջազգային լավագույն փորձի կիրառումը ՀՀ-ում, երբ ճգնաժամային իրավիճակներում պետությունները լրացուցիչ աջակցության ծրագրեր են առաջարկում բիզնեսին` որոշակի չափով կիսելով նաև բիզնես ռիսկը։ Ձեռնարկատիրոջ մասնակցությունը ծրագրի կենսունակության գրավականներից մեկն է։ ԱՆԻՖ-ը ընտրել է հենց այս ընդունված մոդելը՝ ներդրում անելով տնտեսական հեռանկարային ծրագրերում։

«Մանթաշով» բիզնես ակումբի ղեկավար Վահրամ Միրաքյանի խոսքով՝ «Հայաստանում այսօր բիզնես գաղափարների պակաս չկա, սակայն հատկապես ճգնաժամային իրավիճակներում ֆինանսավորւմը բոլոր ձեռնարկատերերի համար առաջնային խնդիրներից է։ ԱՆԻՖ-ի մոդելը բիզնեսներին հնարավորություն է ընձեռնում օգտվել պետական աջակցությունից՝ ներդրումային համատեղ ծրագրի միջոցով, որը ֆինանսավորման ընդունված մոդել է։ Իհարկե, բիզնեսն ազատ է ընտրել ծրագրի համար նաև բանկային վարկավորման տարբերակը, բայց պետական նման մասնակցության հնարավորությունը, կարծում ենք, մեր անդամ կազմակերպություններից շատերին ֆինանսական տեսանկյունից հետաքրքիր կարող է լինել»։

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ֊ը և Ինտեսա...

Հարգելի գործընկեր, Ցանկանում ենք տեղեկացնել, որ Ինտեսա...

ԱՆԻՖ֊ը միջազգային փորձը...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ)՝...