Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ս.թ. հունիսի 9-ին ստորագրեց ԱՆԻՖ-ի համահեղինակությամբ մշակված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ս.թ. հունիսի 9-ին ստորագրեց ԱՆԻՖ-ի համահեղինակությամբ մշակված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ս.թ. հունիսի 9-ին ստորագրեց ԱՆԻՖ-ի համաղեկինակությամբ մշակված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Այս օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումը մեծ կարևորություն ունի ՀՀ-ում կորպորատիվ իրավունքի զարգացման համար, քանզի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր օրենքում առկա էին դրույթներ, որոնք համահունչ չէին ժամանակակից գործարար պրակտիկային: Փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ կառավարության` 2019թ.-ի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշմամբ, որտեղ նույնպես նշվում է կորպորատիվ իրավունքին վերաբերող կարգավորումների` ժամանակի զարգացումներից հետ մնալու մասին։

ԱՆԻՖ-ի գլխավոր իրավախորհրդատու Գրիգոր Չոբանյանն առանձնացրեց հետևյալ փոփոխությունները, որոնք իրենց դրական ազդեցությունը կարող են ունենալ ՀՀ-ում կորպորատիվ կառավարման, կապիտալի շուկայի զարգացման և առհասարակ ներդրումային միջավայրի բարելավման վրա.

  • տարբեր դասերի հասարակ բաժնետոմսերի թողարկման հնարավորություն, ինչը օրինակ հնարավորություն կարող է տալ որոշակի կատեգորիայի ներդրողների արտոնյալ պայմաններով շահաբաժիններ ստանալ և միաժամանակ հնարավորություն ունենալ քվեարկելու ավելի լայն հարցերով, քան արտոնյալ բաժնետոմսերի գործող կարգավորումներով.
  • ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի և գնման (squeeze-out/sell-out) հնարավորություններ, որոնք լրացուցիչ պաշտպանության գործիքներ են խոշոր և փոքր բաժնետերերի համար,
  • ներդրվել է աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից ճկուն մեխանիզմներ, որոնք լրացուցիչ հնարավորություն կտան ընկերություններին խրախուսել աշխատակիցներին և կանխել աշխատուժի արտահոսքը,
  • որոշակի դեպքերում թույլատրվել է բացասական կապիտալով ընկերությունների գործունեությունը, ինչը հատկապես կարևոր նշանակություն կարող է ունենալ այն ընկերությունների համար, որոնց շահութաբերությունը սկսվում է գործունեության մեկնարկից մի քանի տարի հետո,
  • վերացվել է առանց ապահովման պարտատոմսերի թողարկման հնարավորությունն առնվազն երեք տարվա գրանցված ընկերություններին վերապահված լինելու պայմանը, ինչը հնարավորություն կտա հատկապես start-up ընկերություններին գործունեության սկզբում պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավել լրացուցիչ միջոցներ,
  • մինորիտար բաժնետերերի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր է կոտորակային բաժնետոմսերը պահելուն վերաբերող դրույթը, որով վերացվել են կոնսոլիդացիայի միջոցով մինորիտար բաժնետերերին բաժնեմասնակցությունից դուրս թողնելու հնարավորությունը,
  • ավելի ճկուն է դարձնել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և գործադիր մարմնի լիազորությունների պատվիրակման հնարավորությունները,
  • բարձրացվել խոշոր գործարքների շեմը՝ դրանք կնքելու իրավասությունը վերապահելով միայն ընկերության բաժնետերերի ժողովին, իսկ խոշոր չհամարվող գործարքների կնքումը՝ ինչպես ժողովին, այնպես էլ խորհրդին և գործադիր մարմնին.
  • վերացվել է ընկերության գրանցման ժամանակ կանոնադրական կապիտալի վճարված լինելու իրավական ֆիկցիան, ինչպես նաև փակ ընկերությունների դեպքում վերստուգող ունենալու պարտադիր պահանջը, ինչը գործնականում ուներ ֆիկտիվ բնույթ:

Գ. Չոբանյանի համոզմամբ նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում կորպորատիվ դաշտը կդառնա առավել մատչելի և գրավիչ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար՝ միաժամանակ ապահովելով բաժնետերերի իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները։

Օրենքի, ինչպես նաև փաթեթում ներառված հարակից օրենքների, պաշտոնական հրապարակումներին կարող եք ծանոթանալ սույն հղումներով.
1. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153397
2. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153410
3. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153409
4. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153408
5. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153405

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...