Գլխավոր էջ | Նորություններ և իրադարձություններ | ԱՆԻՖ-ը ողջունում է ՀՀ կառավարության կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը

ԱՆԻՖ-ը ողջունում է ՀՀ կառավարության կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը

ՀՀ կառավարության 08.04.2021թ. 475-Ն որոշմամբ հավանության արժանացավ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ԱՆԻՖ) համահեղինակությամբ մշակված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

ԱՆԻՖ-ը ողջունում է ՀՀ կառավարության կողմից կայացված որոշումը, քանզի մեր խորին համոզմամբ փաթեթի՝ ԱԺ կողմից հավանության արժանալու պարագայում, այն զգալի փոփոխություններ կներմուծի բաժնետիրական ընկերությունների գործունեության դաշտում՝ մեծապես նպաստելով կորպորատիվ կառավարման, կապիտալի շուկաների զարգացմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի ՀՀ ներդրումային միջավայրի զարգացման վրա:

Այսպիսով, ի թիվս այլոց, Նախագծով առաջարկվում է՝

  • լրացուցիչ պաշտպանության գործիքներ սահմանել խոշոր և փոքր բաժնետերերի համար: Նախատեսվել է բաժնետերերի շահերի հավասարակշռման և պաշտպանության ամենակիրառելի գործիքներից մեկը՝ Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի իրավունքը (squeeze out) և պարտադիր գնման պահանջի իրավունքը (sell out), որոնք հնարավորություն են տալիս հավասարակշռել թե՛ փոքր, թե՛ խոշոր բաժնետերերի շահերը
  • թողարկել տարբեր դասերի հասարակ բաժնետոմսեր, ինչն անհնարին է գործող օրենսդրության պարագայում
  • ավելի ճկուն դարձնել Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և գործադիր մարմնի լիազորությունների պատվիրակման հնարավորությունները
  • նախատեսել աշխատակիցների բաժնետիրացման համակարգը, որը նախագծով սահմանված նորամուծություններից է ՀՀ օրենսդրության համար, քանզի ՀՀ֊ում աշխատակիցների բաժնետիրացումը ներկայիս կարգավորումների համաձայն հնարավոր է շատ խիստ կարգավորումների կիրառմամբ և միայն հետգնված բաժնետոմսերի հաշվին
  • վերջնականապես լուծել նաև գրանցման պահին կանոնադրական կապիտալի վճարված լինելու իրավական ֆիկցիան
  • վերացնել պահանջն առ այն, որ առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է Ընկերության պետական գրանցումից առնվազն 3 տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն Ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռները։ Սա արհեստական խոչընդոտ է այն սկսնակ ընկերությունների (start-up) համար, որոնք պարտատոմսերի միջոցով ցանկանում են ներգրավել լրացուցիչ միջոցներ:

Մինորիտար բաժնետերերի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր է նախագծում ներկայացված կոտորակային բաժնետոմսերը պահելուն վերաբերող դրույթը: Մեկ այլ նորամուծություն է բացասական կապիտալով ընկերությունների վերաբերյալ նախատեսված կարգավորումը, որը հատկապես կարևոր է հետազոտությամբ կամ երկարաժամկետ ծրագրերի ներդրմամբ զբաղվող ընկերությունների համար։

ԱՆԻՖ-ը համոզված է, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կորպորատիվ դաշտը կդառնա առավել մատչելի և գրավիչ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար՝ միաժամանակ ապահովելով բաժնետերերի իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները։

Նախագծի մշակման ծավալուն աշխատանքի համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ արդարադատության նախարարության, ADWISE Business and Legal Consulting ընկերության և բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են նախագծի լավարկման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի ամանորյա անակնկալ...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ)...

«Ֆլայ Արնա» ընկերության...

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային...

ԱՆԻՖ. ներդրումային...

Եվրոպական Specialeurasia հարթակը ծավալուն վերլուծություն է...