ՀՀ կառավարությունը ստեղծել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» (կրճատ` «ԱՆԻՖ») օտարերկրյա ուղղակի ներդրումների ֆոնդը։
Հայաստանի Հանրապետության նոր, ժողովրդավարական կառավարությունը Հայաստանի պետական հետքրքրությունների շրջանակներում «ԱՆԻՖ»-ին լիազորել է ֆիդուցիար հանդիսանալ օտարերկրյա ուղղակի ներդրումների գործընթացում և բարելավել երկրում ներդրումային հոսքերը։ Հաջորդող 5 տարիների ընթացքում «ԱՆԻՖ»-ը գերակա հռչակված ոլորտներում և կարևորագույն ենթակառուցվածքներում նախատեսվող խոշոր ծրագրերում օտարերկրյա գործընկերների հետ համատեղ կիրականացնի ներդրումներ` վերջիններիս տրամադրելով համապարփակ արժեքային առաջարկներ և անհրաժեշտ խորհրդատվություն։
Յուրաքանչյուր ծրագրի շրջանակներում «ԱՆԻՖ»-ը կփորձի համագործակցել առաջատար ինստիտուցիոնալ ներդրողների կամ ոլորտի հիմնական մասնակիցների հետ` հանդես գալով որպես կապող օղակ և նախաձեռնող ոչ միայն ներդրումային հոսքերի ապահովման, այլև նոր տեխնոլոգիաների և տաղանդի ներգրավման համար։
Մենք հավատարիմ ենք ապագային միտված, հզոր, կայուն և դիվերսիֆիկացված տնտեսության գաղափարին և ձգտում ենք աջակցել Հայաստանում առավել լայն ներդրումային միջավայրի բարելավմանը։
«ԱՆԻՖ»-ն ակտիվորեն փնտրում է գործընկերներ և համաներդրողներ։ Ռազմավարության, գործառնությունների, ներդրումային ծրագրերի և նախատեսվող առաջարկների ներկայացման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել մեր կայքում: