Գլխավոր էջ | Հայաստան | Օրենսդրական դաշտ

Օրենսդրական դաշտ

Բարենպաստ օրենսդրական դաշտ

Օտարերկրյա ներդրումները կարգավորվում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») և Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված երկկողմ միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ «ԵՄՊ»)։

«Օտարերկրյա ներդրումների մասին»  ՀՀ օրենք


Օրենքը սահմանում է օտարերկրյա ներդրողների իրավունքները, երաշխիքները և արտոնությունները: Օրենքի համաձայն` օտարերկրյա ներդրումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում, ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում օտարերկրյա ներդրողի ցանկությամբ կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը:

Օրենքը պաշտպանում է օտարերկրյա ներդրողներին գույքի ազգայնացումից կամ բռնագրավումից: Ցանկացած բռնագրավում ենթակա է լրիվ և արդարացի փոխհատուցման: Օտարերկրյա ներդրողներն ունեն նյութական և բարոյական այն վնասների, ներառյալ բաց թողնված օգուտի, դատական կարգով փոխհատուցման իրավունքը, որոնք հասցվել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործողությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողի կամ օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության նկատմամբ նշված մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով:

Բիզնես հիմնելու իրավական ձևեր

Բիզնեսի կազմապերպաիրավական հիմնական ձևերը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (ՍՊԸ) և բաժնետիրական ընկերություններն (ԲԸ) են: Տնտեսական ընկերակցությունները և կոոպերատիվները նույնպես նշված են օրենսդրության մեջ, բայց գործնականում չեն կիրառվում:

ՍՊԸ-ն և ԲԸ-ն ավելի հաճախ օգտագործվում են հետևյալի պատճառներով.

• բաժնետերերի սահմանափակ պատասխանատվություն

• ընկերության կառավարման ճկուն կանոններ

• ֆինանսավորման մեթոդների բազմազանություն

• բաժնետոսմերի կամ բաժնեմասնակցության օտարման ճկուն համակարգեր

Առավել նպատակահարմար է ստեղծել ԲԸ, եթե ընկերությունը ցանկանում է հանրային շուկա դուրս գալ և ցուցակվել ֆոնդային բորսայում, կամ եթե ընկերությունը ցանկանում է ունենալ ավելի բարդ կորպորատիվ կառուցվածք:

Արտասահմանյան ընկերությունների ներկայացուցչությունները կարող են հիմնադրվել Հայաստանում` հիմնադիր ընկերության ներկայացուցչության և իրավունքների պաշտպանության նպատակով, բայց իրավունք չունեն իրականացնել առևտրային գործունեություն:

Կիրառելի օրենսդրություն

• ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

• ՀՀ աշխատանքային օրենսգիրք

• ՀՀ հարկային օրենսգիրք

• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք

• «Օտարերկրյա ներդրումների մասին»  ՀՀ օրենք

• «Բաժնետիրական ընկերությունների մասին»  ՀՀ օրենք

• «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին»  ՀՀ օրենք

• «Ներդրումային ֆոնդերի մասին»  ՀՀ օրենք

• «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենք

• «Օտարերկրացիների մասին»  ՀՀ օրենք

• «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենք

• ԵՄՊ-ներ

Ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ հիմնումը։ Պետական գրանցում։

Իրավաբանական անձինք, նրանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները և անհատ ձեռնարկատերերը ենթակա են պետական գրանցման, որը հաճախ ներառում է գրանցում հարկային մարմիններում:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը (www.e-register.am ) պատասխանատու է ֆինանսական հաստատություն չհանդիսացող կազմակերպությունների գրանցման համար: Ֆինանսական հաստատությունները գրանցվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Գրանցման համար ներկայացվում են.

• Գրանցման դիմում

• Հիմնադրի (հիմնադիրների) որոշումը իրավաբանական անձի հիմնադրման մասին

• Հիմնադիրների որոշմամբ հաստատված իրավաբանական անձի կանոնադրություն

• Պետական տուրքի վճարման ապացույց, եթե դա կիրառելի է

• Տեղեկություններ տնօրենի մասին և վերջինիս անձնագրի պատճենը

• Հայտարարություն ընկերության իրական շահառուների վերաբերյալ

• Այն դեպքում, երբ կազմակերպությունը հիմնադրվում է օտարերկրյա իրավաբանական անձի կողմից՝ այդ իրավաբանական անձի կարգավիճակն ապացուցող փաստաթղթեր և կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը (թարգմանված, նոտարական հաստատումով և  ապոստիլ արված)

• Եթե կազմակերպությունը հիմնադրվել է օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից, ապա անձի անձնագրի վավերացված պատճենը (թարգմանությամբ)

• Կազմակերպության նախընտրելի առևտրային անվանումը (առկայության դեպքում)

Եթե հիմնադիրները որոշեն օգտագործել փաստաթղթերի նախապես հաստատված ստանդարտ ձևերը, գրանցումն իրականացվում է նույն պահին (բայց փաստաթղթերը կլինեն միայն հայերեն): Մոդելային փաստաթղթերի փոփոխման դեպքում գրանցումը կարող է տևել մինչև երեք աշխատանքային օր:

Ֆիրմային անվանման գրանցումն իրականացվում է կազմակերպության գրանցման հետ միաժամանակ: Ներկայացված բիզնեսի անվան հասանելիությունն անմիջապես ստուգվում է, և եթե գրանցումը մերժելու հիմքեր կան, հիմնադիրը կարող է ընտրել այլ անուն (լրացուցիչ վճար չի վճարվում): Ապրանքային նշանները, սակայն, գրանցվում են առանձին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից: Ֆիրմային անունը չի կարող նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել նախկինում Հայաստանում գրանցված ֆիրմային անվան կամ ապրանքային նշանի: Անունների որոնումները կարող են իրականացվել նախքան գրանցվելը Պետական ռեգիստրի և Մտավոր սեփականության գործակալության կայքերում:

Գրասենյակ վարձակալելու, ՀՀ քաղաքացիներ աշխատանքի ներգրավելու (տնօրեններ, սպաներ, քարտուղարներ, հաշվապահներ և այլն), բանկային հաշիվ բացելու և այլնի պահանջներ չկան։


Կանոնադրական կապիտալ

Ընդհանուր առմամբ, ընկերությունների կանոնադրական կապիտալի համար պարտադիր առավելագույն կամ նվազագույն չափ չկա: Այն կարող է լինել 1 դոլար: Այնուամենայնիվ, պարտադիր նվազագույն չափ սահմանվում է որոշ հաստատությունների համար, ինչպիսիք են բանկերը և ապահովագրական ընկերությունները:

Օտարերկրյա սեփականության սահմանափակումների բացակայություն

Օտարերկրացիները կարող են ունենալ հայկական ընկերությունում 100% բաժնեմասնակցություն: Որևէ սահմանափակում չկա բաժնետերերի քաղաքացիության կամ բնակության վայրի վերաբերյալ: Հայկական ընկերության բոլոր տնօրեններն ու աշխատակիցները կարող են լինել օտարերկրացիներ: Նրանցից չի պահանջվում բնակվել Հայաստանում կամ ունենալ տեղական հասցե: Օտարերկրացին կարող է լինել ընկերության միակ տնօրենը և 100% սեփականատերը:

Իմացեք ավելին՝ Հայաստանի մասին