Գլխավոր էջ | ԱՆԻՖ | Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

1․Ի՞նչ նպատակով է ստեղծվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (Armenian National Interests Fund, ANIF, այսուհետ՝ ԱՆԻՖ) հիմնադրվել է 2019թ.-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումներ համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը, ի թիվս այլոց, միտված է Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ ԱՆԻՖ֊ի առաքելությունը Հայաստանի տնտեսական զարգացման պոտենցիալի խթանումն է՝ խոստումնալից ներդրումային եւ բիզնես ծրագրերի բացահայտման եւ զարգացմանը նպաստելու միջոցով։

2.Կա՞ն համանման ֆոնդեր այլ երկրներում։

Նման պետական ընկերությունները պետական միջոցների արդյունավետ կառավարման աշխարհում ընդունված գործիքներ են և հնարավորություն են ստեղծում պետական միջոցները տնտեսության մեջ արդյունավետ ներդնելու եւ լրացուցիչ արժեք ստեղծելու համար։ Նման կազմակերպություններ կան թե’ զարգացած, թե’ զարգացող երկրներում։ Հատկապես Հայաստանի եւ մեզ նման երկրների պարագայում, գաղտնիք չէ, որ ներդրումային գրավչության համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ եւ ԱՆԻՖ -ի նպատակներից մեկը Հայաստանի մրցակցային առավելությունների վերհանման ու ներկայացման ուղղությամբ համապարփակ աշխատանքն է։ Մասնակցելով օտարերկրյա եւ տեղական ներդրումային ծրագրերին ԱՆԻՖ-ի, ինչպես եւ աշխարհում նման այլ ֆոնդերի նպատակն է՝ նպաստել տնտեսության դիվերսիֆիկացիային ու պետական միջոցների տնօրինման արդյունքում լրացուցիչ տնտեսական արժեք ստեղծելու գործընթացին։ Նման ֆոնդերի մասնակցությունը նաեւ թե’ արտաքին, թե’ ներքին ներդրողների համար վստահության ամրապնդման գործիք են պետության՝ որպես գործընկերոջ հանդեպ։

3.Ո՞ր դեպքերում է ԱՆԻՖ-ը մասնակցում ներդրումային ծրագրին։ Արդյո՞ք խոսքը բոլոր ներդրումների մասին է։

Ոչ։ Հայաստանը ազատ շուկայական հարաբերությունների մոդելն է ընտրել եւ շուկան ազատ է ներդրումների համար։ Խոսքն այն ծրագրերի մասին է, որտեղ ներդրողն ինքն է առաջարակում ծրագրում ԱՆԻՖ-ի ներգրավվածությունը։ Բացի այդ, ԱՆԻՖ-ի նպատակն է նաեւ պետական տնօրինության տակ գտնվող եւ ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող ձեռնարկություններում մասնավոր ներդրումների ներգրավումը։ Հատկապես այս դեպքերում պետության մասնակցությունը պոտենցիալ ներդրողի համար կարող է լրացուցիչ վստահության աղբյուր լինել։

4.Ինչո՞ւ են բյուջետային միջոցները ներդրվում կոմերցիոն ծրագրերում:

ԱՆԻՖ-ը չի «ծախսում» բյուջետային միջոցները, այլ ներդրում է անում տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտներում շահութաբերության, մասշտաբայնացման պոտենցիալ ունեցող ծրագրերում։ Այս տարածված մոդելն ընտրվել է հենց այն նպատակով, որ բյուջետային ծախսերին զուգահեռ հարկատուների միջոցների մի մասը աշխատի երկրի համար լրացուցիչ տնտեսական արդյունք գեներացնելու նպատակով։

5.Ի՞նչ ծրագրեր եք մինչեւ օրս արել։ Արդյո՞ք հանրությունը կարող է տեսնել արդյունքները:

Յուրաքանչյուր խոշոր ներդրումային ծրագիր ենթադրում է ամիսների, երբեմն՝ տարիների աշխատանք, մինչ դա տեսանելի կլինի հանրության համար։ Այդպիսի ծրագրերից մեկի՝ Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին հայտարարվեց 2021թ. հուլիսին։ Մանրամասները՝ այստեղ։
Մեկ այլ խոշոր ծրագրում մրցույթի հաղթողի մասին հայտարարվեց հուլիսին։ Խոսքը Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ՝ 200 մեգավատ հզորությամբ արեւային էներգիայի ծրագրի՝ 174 միլիոն դոլարի ներդրման մասին է։ Հաղթող ընկերությունը Աբու Դաբիից՝ միջազգային համբավ ունեցող Մասդար ընկերությունն է, վերականգնվող էներգետիկայի գծով աշխարհում մի քանի առաջատար ընեկրություներից է։ Մեր մասնակցությունը այստեղ 15% է։ Ծրագիրը կարեւոր է ամեն առումով՝ թե նման խոշոր ներդրող ու միջազգային ճանաչված ընկերություն Հայաստան բերելու, թե Հայաստանը որպես նման գործընկեր ունեցող ներդրումային ուղղության ներկայացնելու առումով։ Բացի այդ հատկապես կարեւոր է, որ այս ծրագրով Հայաստանը մեծ քայլ է անում ժամանակակից աշխարհում ահռելի կարեւորություն ձեռք բերող ոլորտում՝ վերակագնվող էներգետիկայում նման մասշտաբային ծրագիր անելու ուղղությամբ։ Այս պահին քննարկվում է նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում շարունակական ծրագրերի հնարավորությունը։ ԱՆԻՖ-ը նաեւ այլ ծրագրերում պոտենցիալ ներդրողների հետ քննարկումների մեջ է, եւ դրանք հենց այն գործընթացներն են, որոնց արդյունքների մասին հանրությունը կիմանա դրանց նյութականացումից հետո։

6.ԱՆԻՖ-ը նաեւ տեղական բիզնեսներում է ներդրումներ անում։ Ի՞նչ սկզբունքով եք աջակցում տեղական բիզնեսներին։

ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետեւանքների մեղմացման հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ԱՆԻՖ-ը ստեղծեց հարթակ, որի միջոցով հայաստանյան բիզնեսները կարող էին դիմել բիզնես ծրագրերի ընդլայնման կամ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով համաֆինանսավորում ստանալու համար։ Ցանկացած որոշման հիմքում ներկայացվող ծրագրի տնտեսական կենսունակությունն է եւ նախաձեռնողի՝ այն է մասնավոր ձեռնարկության առնվազն 51% բաժնեմասնակցությունը։ Այսպիսով մենք աջակցում ենք այն ծրագրերին, որտեղ բիզնեսն ինքը պատրաստ է անել ներդրում, կամ կա գործող ընկերության ընդլայնման նպատակ։ ԱՆԻՖ-֊ն արդեն սկսել է մի քանի այդպիսի ծրագիր գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում։ Յուրաքանչյուր ծրագրի մասին շուտով մանրամասներ կներկայացվեն հանրությանը։

7.Որքա՞ն գումար է հատկացվում ԱՆԻՖ-ին ներդրումային ծրագրերում մասնակցելու համար։

Դա կախված է իրականացվող ծագրերից ու գործարքներում մեր մասնակցությունից։ Թափանցիկությունը մեր կարեւոր սկզբունքներից է և օրենքով նախատեսված համապատասխան ֆինանսական տեղեկությունները արտացոլվելու են հանրության համար հասանելի տարեկան հաշվետվություններում։

8.Արդյոք ԱՆԻՖ-ի ղեկավարությունը մասնաբաժին ունի ԱՆԻՖ-ի համատեղ ծրագրերում:

Ոչ։ ԱՆԻՖ-ի ղեկավար կազմը չի կարող բաժնեմասնակցություն ունենալ ներդրումային ծրագրերում, քանզի մեզ համար կարևորվում է շահերի բախման բացառումը ընկերության գործունեության բոլոր ոլորտներում:

Իմացեք ավելին՝ ԱՆԻՖ-ի մասին